Ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաներ ենթարկվում են դաստիարակության բռնի մեթոդների, սեռական չարաշահման և հալածանքի

Անհանգստացնող տվյալներով նոր զեկույցը բացահայտում է, որ երեխաների հանդեպ բռնությունը, որոնցից ամենափոքրերն ընդամենը մեկ տարեկան են, տարածված է

03 Նոյեմբեր 2017
Մեջքով կանգնած աղջնակը վարդագույն ծաղիկն ամրացրել է մազերին
UNICEF/UNI122425/Pirozzi
16-ամյա աղջնակը Ֆիլիպիններից պատմում է, որ իր աշխատավայրում ենթարկվել է ծեծի և սեռական բռնության:

Ժնև, 3-ը նոյեմբերի, 2017թ.– Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, ահռելի թվով երեխաներ, որոնցից շատերը ընդամենը տասներկու ամսական են, բռնության են ենթարկվում հաճախ այն անձանց կողմից, ում վստահված է նրանց խնամքը։ 

«Ծանոթ դեմք բռնությունը երեխաների և դեռահասների կյանքում» զեկույցը պարունակում է նորագույն տվյալներ՝ լույս սփռելու այն հանգամանքի վրա, որ երեխաները բռնության են ենթարկվում մանկության բոլոր փուլերում աշխարհի բոլոր անկյուններում:

«Անընդունելի է, որ աշխարհի բոլոր տարածաշրջանների երեխաները բռնության են ենթարկվում վայրերում, որտեղ նրանք ամենաապահովը պիտի լինեն՝ իրենց տներում, դպրոցներում և համայնքներում: Բռնության հետևանքները կարող են ուղեկցել երեխային կյանքի որջ ընթացքում և հաճախ սերնդեսերունդ փոխանցվել»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրեն Աֆշան Խանը (Afshan Khan): «Այս բացահայտումները պետք է արթնացման կանչ լինեն՝ բռնությունից պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնահերթություն է տալիս բռնության վերացմանը, այդ թվում՝ աջակցելով կառավարության ջանքերին բարելավել բռնության ենթարկված երեխաներին մատուցվող ծառայությունները, մշակելով երեխաներին պաշտպանող քաղաքականություն և օրենքներ և օժանդակելով ծնողներին, համայնքներին ու երեխաներին կանխել բռնությունը մի շարք գործնական ծրագրերի միջոցով, ինչպես օրինակ՝ ծնողավարության դասընթացների ու ընտանեկան բռնության դեմ ուղղված գործողությունների։

Երեխաների դեմ բռնությանը վերջ դնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին կոչ է անում անհապաղ գործի անցնել և միանալ «ՈԳԵՇՆՉԵ՛ՆՔ» (INSPIRE) անունը կրող օրակարգին, որը ներառում է հետևյալ կետերը՝

Կազմել լավ համակարգված ազգային պլաններ երեխաների հանդեպ բռնությունը կանխելու համար՝ ներգրավելով կրթության, սոցիալականապահովության, իրավադատական և առողջապահական համակարգերը, ինչպես նաև՝ հենց համայնքներն ու երեխաներին:

Փոխել չափահասների վերաբերմունքը և վերացնել այն գործոնները, որոնք նպաստում են երեխաների հանդեպ բռնությանը, ինչպես օրինակ՝ տնտեսական ու սոցիալական անհավասարությունները, բռնությունն արդարացնող սոցիալական ու մշակութային նորմերը, անհամապատասխան քաղաքականությունն ու օրենսդրությունները, բռնությունից տուժածների համար նախատեսված թերի ծառայությունները և արդյունավետ կերպով բռնությունը կանխարգելող և բռնությանը հակազդող արդյունավետ հատկացվող սահմանափակ միջոցները: 

Ազգային քաղաքականությունը կենտրոնացնել բռնի վարքագիծը նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ նվազեցնելով անհավասարությունները և սահմանափակելով զենքի և զինամթերքի հասանելիությունը:

Կառուցել սոցիալական համակարգեր և վերապատրաստել սոցիալական աշխատողներին բռնության ենթարկված երեխաներին ուղղորդելու և խորհրդատվական ու թերապևտիկ/հոգեբանական ծառայություններ մատուցելու համար:

Երեխաներին, ծնողներին, ուսուցիչներին ու համայնքի անդամներին սովորեցնել ճանաչել բռնությունն իր բոլոր ձևերով և հնարավորություն ընձեռել նրանց առանց վախի տեղեկացնել բռնության մասին համապատասխան մարմիններին:

Զատորոշված ու մանրամասն փաստեր հավաքագրել երեխաների նկատմամբ դրսևորված բռնության մասին և հետևել առաջխաղացմանը շարունակակն մշտադիտարկման և գնահատման միջոցով:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2015թ.-ի տվյալների, Հայաստանում՝

1-14 տարեկան տասը երեխաներից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել են հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի:

Հոգեբանական ագրեսիան ավելի տարածված է, քան ֆիզիկականը. երեխաների երկու երրորդից ավելին (65 տոկոս) ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի:

Բռնի մեթոդները գրեթե հավասարապես կիրառվել են թե՛ աղջիկների (67 տոկոս), թե՛ տղաների (71 տոկոս) նկատմամբ:

Մեկ և երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ:

Դաստիարակության բռնի մեթոդները գրեթե նույն կերպով տարածված են քաղաքային (68 տոկոս) և գյուղական (71 տոկոս) բնակավայրերի երեխաների շրջանում:

Սյունիքի և Վայոց ձորի մարզերի երեխաներն ամենաքիչն են ենթարկվել դաստիարակության որևէ բռնի մեթոդի (համապատասխանաբար 56 և 59 տոկոս): Եվ հակառակը, Արագածոտնի և Լոռու մարզերի տասը երեխաներից մոտ ութի նկատմամբ կիրառվել է որևէ բռնի մեթոդ:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.unicef.org

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին Ֆեյսբուքում և Թվիթերում