Քանի դեռ հանձնաժողովը չի պահանջել, հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ հունվարի 1-ից կատարված օրենսդրական փոփոխությունները սկսել են գործել

«Իրավիճակային հայտարարագիրը ներկայացվում է բացառապես այն դեպքերում, երբ հանձնաժողովի կողմից նման պահանջ է դրվում»,-այս մասին Iravaban.netի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը։

Հունվարի 1-ից իրավիճակային հայտարարագրերի հայտարարատու պաշտոնատար անձինք են համարվում նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները), որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովի պահանջով ներկայացնելու են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր:

«Հանրության շրջանում «հայտարարագիր» և «իրավիճակային հայտարարագիր»  հասկացությունների տարբերությունն այնքան էլ հստակ չէ։ Պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամները պարտադիր հայտարարագրեր են ներկայացնում։ Պաշտոնատար անձը՝ պաշտոնը ստանձնելիս,  պաշտոնավարման ընթացքում՝ տարեկան հայտարարագիր, պաշտոնը դադարեցնելիս՝ դադարեցնելու հայտարարագիր։ Այսինքն, սրանք պարտադիր  հայտարարագրերի տեսակներ են, որոնք համապատասխան դեպքերում ներկայացվում են։

Սակայն, իրավիճակային հայտարարագիրը ներկայացվում է բացառապես այն դեպքերում, երբ հանձնաժողովի կողմից նման պահանջ է դրվում։ Քանի դեռ հանձնաժողովը նշված անձին պահանջ չի ներկայացրել՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու, նա որևէ հայտարարագիր չի ներկայացնում»,- ասաց Հակոբյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում իրավիճակային հայտարարագրի վերաբերյալ տարընկալումներին։

Նրա խոսքով՝ հանրության շրջանում նույնացնում են պարտադիր հայտարարագիրը և իրավիճակային հայտարարագիրը․ «2024 թվականի հ ունվարի 1-ի դրությամբ ուժի մեջ մտած օրենքը բացառապես իրավիճակային հայտարարագրի պահանջ է ներկայացնում»։

Հանձնաժողովի պատճառաբանված որոշման հիման վրա գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերն են՝ հայտարարագրման ենթակա տվյալների արժանահավատության, ամբողջականության, գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, նվազում կամ ծախս) օրինականության վերաբերյալ հրապարակումները, հանձնաժողովին ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, հանձնաժողովի լիազորությունների իրականացման ընթացքում, ինչպես նաև այլ պետական մարմիններից հանձնաժողովին հայտնի դարձած տեղեկությունները:

Այսպիսով, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և այլ հարակից օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների դրույթները, որոնցով նախատեսվում է հայտարարագրերի ներկայացման պարտականություն, վերաբերելի են վերոնշյալ՝ իրավիճակային հայտարարագրին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել