կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բուհերում ստեղծվել են դոկտորական կրթության դպրոցներ և արդյունաբերական նոր ծրագրեր

Բուհերում ստեղծվել են դոկտորական կրթության դպրոցներ և արդյունաբերական նոր ծրագրեր

Կայացել է ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։
Նախագիծը համակարգել է Եվրասիա միջազգային համալսարանը՝ 4 ԵՄ և 9 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, 1 գիտահետազոտական ինստիտուտի մասնակցությամբ։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական մասնակցությամբ և ուղղորդմամբ։
Ծրագրի շրջանակներում մշակվել և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը» (ԿԳՄՍ 16.11.2021թ թիվ 44-Լ)։ Բուհերից ներգրավված հետազոտողները, փորձագետները հայեցակարգում ներկայացրել են հետբուհական կրթության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սահմանել են հնարավոր լուծումները՝ որպես հետագա բարեփոխումների ուղենիշներ։

Բացման հանդիսավոր արարողությանը Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար, Armdoct ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը ողջունելով ներկաներին ընդգծել է․

«Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ-ում գործող երրորդ աստիճանի գրեթե բոլոր ծրագրերը թիրախավորում են մեկ ոլորտ, տարածված չէ միջդիսցիպլինար ծրագրերի փորձը, սահմանափակ են միջբուհական, բուհ-ակադեմիայի ինստիտուտներ, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն համագործակցությունները։ ARMDOCT ծրագրի շրջանակներում մենք փորձել ենք զարգացնել նոր համագործակցային, միջգիտակարգային պիլոտային դոկտորական դպրոցներ, ինչպես նաև առաջատար կազմակերպությունների հետ արդյունաբերական դոկտորական ծրագրեր, որոնք հույս ունենք, որ կզարգանան ծրագրի ամփոփումից հետո՝ դառնալով բարձրորակ դոկտորական կրթության և մրցունակ հետազոտողների պատրաստման վառ օրինակներ։ Մենք հույս ունենք, որ այս ծրագրերը կլինեն գրավիչ ոչ միայն հայազգի, այլ նաև միջազգային ուսանողների համար՝ նպաստելով տաղանդավոր անհատների ներհոսքին»։

Բացման արարողությանը համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը: Նրանք կարևորեցին ծրագրի ընթացքում իրագործված տեսանելի արդյունքների և դրանց կիրարկման համար ստեղծված հնարավորությունների լայն շրջանակը:

Ծրագրի շրջանակներում ձևավորվել են արդյունաբերական ուղղվածությամբ ասպիրանտական ծրագրեր, համագործակցություններ են ձևավորվել համալսարանների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև, մասնավորապես ձևավորվել են համագործակցային դոկտորական դպրոցներ (կոնսորցիումներ), ինչպես նաև զարգացվել են նորարարական և ապագամետ մասնագիտություններով ասպիրանտական նոր կրթական ծրագրեր։

1. «Տեխնիկական գիտություններ»-ի ուղղվածությամբ արդյունաբերական ասպիրանտուրայի հետբուհական համատեղ կրթական ծրագիր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական Ատոմային էլեկտրակայանի կողմից,
2. «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման» արդյունաբերական ասպիրանտուրայի հետբուհական կրթական ծրագիր՝ Երևանի պետական համալսարանի և Կրիսպ տեխնոլոգիական ընկերության կողմից։
3. «Կայուն զարգացում» ուղղվածությամբ դոկտորական դպրոցների կոնսորցիում Եվրասիա միջազգային համալսարանի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից,
4. «Համակարգչային գիտություններ» ուղղվածությամբ համագործակցային դոկտո-րական դպրոց Հայաստանում ֆրանսիական համալսարանի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից։
5. Ձևավորվել է նաև «Հատուկ կրթության» դոկտորական դպրոց Խ.Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավար¬ժական համալսարանի կողմից՝ որպես փորձարարական, պիլոտային նախագիծ հաստատվել է բուհի գիտական խորհրդի կողմից։
6. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից զարգացվել է Նեյրոգիտության ուղղվածությամբ կրթական ծրագիրը, որի իրականացման համար բուհն արդեն իսկ ունի զարգացված ենթակառուցվածքներ և համագործակցություններ։
7. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից զարգացվել է Կիրառական լեզվաբանություն, ինչպես նաև թվային հումանիտար գիտություններ կրթական ծրագրերը։
8. Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանը բարելավել է ԲԿ երրորդ աստիճանի կրթական ծրագրերը, ինչպես նաև զարգացրել է համաղեկավարման համար անհրաժեշտ փաստաթղթեր։

Միջոցառման ավարտին կոնսորցիումի անդամ հանդիսացող հայաստանյան բոլոր բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները, ինչպես նաև նախաձեռնությանը միացած «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ վերահաստատելով հավաքական հանձնառությունը՝ համատեղ ջանքերով զարգացնելու բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ծրագրերը ՀՀ -ում:

  • Կիսվել: