Կանայք բանակում. արդյո՞ք երաշխավորում են անվտանգություն՝ առանց անվտանգային երաշխիքների

Home / Նորություններ / Կանայք բանակում. արդյո՞ք երաշխավորում են անվտանգություն՝ առանց անվտանգային երաշխիքների
Կանայք բանակում. արդյո՞ք երաշխավորում են անվտանգություն՝ առանց անվտանգային երաշխիքների

Կանանց «կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության» նախագծի վերաբերյալ դիրքորոշում 

2023թ․ ապրիլի 21-ին ՀՀ կառավարությունը որոշեց հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին և որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: Այս փոփոխություններով Կառավարությունն ազդարարեց կանանց կամավոր պարտադիր զինվորական ծառայության ընթացակարգ ներդնելու վերաբերյալ: 

Մայիսի 30-ին ԱԺ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ գենդերային հավասարությունը կանանց կամավոր պարտադիր զինվորական ծառայություն ներդնելու հիմնավորումներից մեկն է եղել: Ըստ նախարարի՝ նախագծի առանցքային հիմնավորումն է երկրի ողջ մարդկային ներուժի օգտագործումը, այդ թվում՝ «իգական սեռի» ներգրավումը հայրենիքի պաշտպանության գործում: 

Կանանց զինվորական ծառայությունը չի նպաստի գենդերային հավասարությանը 

Կանանց զինվորական ծառայությունը գենդերային հավասարության շրջանակներում մեկնաբանելը խիստ խնդրային է:

Բանակը որպես սոցիալական ինստիտուտ Հայաստանում տարիներ շարունակ ձևավորվել և գործել է որպես տղամարդակենտրոն կառույց: Ներկայացվող բարեփոխումների ներքո հնարավոր չէ ակնկալել, որ այս կառույցը նման սեղմ ժամկետներում կարող է վերափոխվել և հարմարեցվել կանանց պահանջմունքներին: 

Օրենքի նախագծի բացթողումներին անդրադարձել են նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագետները՝ Նախագծի վերաբերյալ սոցիալական փորձաքննությամբ: Փորձագետների կարծիքով՝ Նախագծի համաձայն փաստացի ստացվում է, որ «իգական սեռի» նորակոչիկները, մինչև զինվորական երդում տալը, «արական սեռի» զինծառայողների հետ անցնում են զինվորական պատրաստության ծրագիր՝ հավասար հիմունքներով, միևնույն զորամասում (առավելագույնը՝ 40 օր): Նախագծով չի հստակեցվում զորամասում «իգական սեռի» զինծառայողների համար առանձնացված զինվորական կացարան տրամադրելու, ինչպես նաեւ նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված համապատասխան պայմաններ ապահովելու հարցերը: 

Թեև ՀՀ պաշտպանության նախարարը պնդում է, որ զորամասերը լինելու են առանձնացված և հարմարեցված կանանց համար, սակայն օրենքի  կարգավորումներն այս մասին բացակայում են:

Նախագծով հստակեցված չէ, թե կոնկրետ ինչ ծառայություն են իրականացնելու «իգական սեռի» զինծառայողները, արդյո՞ք նրանց ամբողջությամբ կներգրավվեն «արական սեռի» զինծառայողներին տրվող առաջադրանքներում, ի՞նչ զինվորական մասնագիտացում կարող են ստանալ նրանք և այլն: Այս հարցում կարևոր է հաշվի առնել իսրայելական բանակի օրինակը, որտեղ կանանց ծառայությունը պարտադիր է: Իսրայելական բանակում աշխատանքների հստակ բաժանում կա կանանց և տղամարդկանց միջև, և կանայք մարտական գործողություններում հազվադեպ են ներառվում ու գրասենյակային աշխատանք են իրականացնում. 2009 թ-ին քարտուղարների հաստիքի 71% կանայք էին զբաղեցնում: Արդյո՞ք հայկական բանակում էլ աշխատանքի բաժանում է լինելու համաձայն գենդերային դերերի: Միջազգային և տեղական  փորձը ցույց է տալիս, որ՝ այո: 

Գենդերային հավասարությունը ենթադրում է ավելին, քան կանանց ներգրավումը տղամարդկանց համար ստեղծված կառույցի ստորին մակարդակում: Պատրանք է կարծել, որ կանանց ներգրավվածությունը ռազմական մեքենայի ստորին օղակում կնպաստի գենդերային հավասարությանը, քանի որ վերջիններս ունեն սահմանափակ գործորդություն (անգ. agency) փոփոխելու և ազդելու նրա վրա: 

«Հավասարությունը» խթանելու ջանքերում կա վտանգ, որ տղամարդկանց կողմից ձևավորված այս ինստիտուտը սպառնալիք կհանդիսանա կանանց համար: Տղամարդկանցով համալրված, գենդերային կարծրատիպեր և բռնության մշակույթը կրող և վերարտադրող սպայական անձնակազմն է հենց առաջնային սպառնալիք և խոչընդոտ հանդիսանում կանանց համար: Ընդ որում՝ հարցը չի լուծվի սպայական կազմում կանանց համալրմամբ, քանի որ այդ կանայք ևս կրում են այդ կարծրատիպերը և մոտեցումները, որպեսզի ընդունվեն տղամարդակենտրոն ինստիտուտի կողմից: Կանայք տարբեր են և ունեն կյանքի տարբեր փորձառություն: 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ռազմական գործընթացներում ներգրավված կանանց հասարակական խոսույթը դիտարկում է որպես չափից դուրս զգայուն, առանց որևէ գործորդության (անգ. agency): Պահպանողական հասարակություններում, ինչպիսին է նաև Հայաստանը, կանանց ռազմական հակամարտություններից հեռու պահելը մշակութային նորմերից է եկել, սակայն հիմա բանակում նրանց ներառելը մշակութային նորմերը փոփոխելու հետ կապ չունի. դա ֆունկցիոնալ՝ զինուժը մեծացնելու նպատակ ունի:  Իսկ ժամանակակից պատերազմների վերլուծությունները փաստում են, որ զինուժի չափը չէ, այլ ժամանակակից ռազմական տեխնիկայի հզորությունն է, որ որոշիչ գործոն է մարտի դաշտում

Պատմականորեն զինվորական ծառայության հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած կանայք ենթարկվում են կրկնակի խտրականության և դժվարությամբ են հետ ինտեգրվում հասարակության մեջ, քանի որ, ըստ խտրական նորմերի, այլևս չեն համապատասխանում կանացիության սոցիալական կերպարին: Զինվորական ծառայության հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած  տղամարդկանց գրավչությունը և սեռականությունը նույն ձև չի տուժում, ինչպես կանանցը: Մեծ է նաև հանրային ճնշումն այն կանանց վրա, ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող զուգընկեր, որպեսզի հաշմանդամությունը պատճառ չդառնա բաժանման: Եվ միևնույն հասարակության մեջ տղամարդկանց դեպքում նույն հանրությունը կարող է քաջալերել, որ «առողջ» տղամարդը չամուսնանա հաշմանդամություն ունեցող կնոջ հետ: 

Կանանց առաջխաղացումը հանրային կյանքում, երբ մասնավորում ոչինչ չի փոխվում, պատմականորեն հանգեցնում է նրան, որ կանայք կրկնակի բեռ են վերցնում իրենց վրա՝ շահագործվելով հայրիշխանական մեքենայի կողմից: Այն էլ այս դեպքում, երբ հանրային կյանքում կանանց առաջխաղացումը պետության կողմից ընտրողաբար է  արվում: Քաղաքական որոշումներ կայացնելիս՝ դա կլինի թե՛ արտաքին դիվանագիտության, թե՛ ռազմական ոլորտներում, տղամարդիկ գերիշխող դիրքում են գտնվում: Եթե պետությունը խթանում է գենդերային հավասարությունը, կարևոր է ուշադրություն դարձնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ընտանիքում կանանց կողմից իրականացվող չվճարվող աշխատանքը: Ընտանիքում կանայք են հիմնականում իրականացնում երեխաների, տարեցների, հիվանդների խնամքը և տնային գործերի ահռելի մասը: Տարիներ շարունակ պետությունը չի ձեռնարկել գործուն միջոցներ՝ ներգրավելու տղամարդկանց տնային գործերում և երեխաների, տարեցների, հիվանդների խնամքի իրականացման հարցերում, բայց փոխարենը ֆինանսական և մարդկային ռեսուրսներ է հատկացնում կանանց ևս մեկ ոլորտում ներգրավվելու համար: Փաստացիորեն, եթե ծառայությունը տղամարդկանց ազատում է «հայրենիքի առաջ ունեցած պարտքից», կանանց դեպքում սրան ավելանալու է նաև մայրությունը և հայրենիքի համար նոր զինվորներ վերարտադրելու պարտականությունը: 

Բանակում կանանց ներգրավվածությունը կառաջացնի կանանց համար անվտանգային մարտահրավերներ

Բանակում տղամարդկանց ծառայությունն ինքնին ունի բազմաթիվ անվտանգային խնդիրներ, որի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են հասարակական կազմակերպությունները: Իրականացվող այս գործընթացները կարող են սրել այդ խնդիրները և ավելացնել նորերը: Մինչև 2020 թվականը իրավապաշտպան կառույցները բարձրաձայնում էին բանակում ոչ մարտական պայմաններում մահերի բարձր ցուցանիշի մասին: 

ՀՀ արդարադատության նախարարությունը Նախագծի վերաբերյալ իր կարծիքում նշել է, որ Նախագիծն ընդունելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել նաև միջազգային փորձը և ամրագրել հստակ  կանոններ և ընթացակարգեր՝ կանանց անվտանգությունն ապահովելու համար: Այն երկրներում, որտեղ կանայք ծառայում են, բանակում սեռական ոտնձգությունները և բռնաբարությունը լուրջ խնդիր է: Համաձայն BMJ Military Health ամսագրի՝ 2021թ.  Մեծ Բրիտանիայի բանակում ծառայած կանանց շրջանում իրականացված հետազոտության համաձայն՝ կանանց շրջանում արձանագրվել են լուրջ և երկարատև ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրներ, որը պայմանավորված է եղել սեռական բռնության ենթարկվելու փորձառությամբ: Հարցված 750 կին վետերաններից 22,5%-ն ասել է, որ ենթարկվել է սեռական ոտնձգությունների, իսկ 5,1%-ը՝ սեռական բռնության  բանակում:

Բանակում կանանց լայնամասշտաբ ներգրավածությունը վտանգի տակ է դնում հենց կանանց անվտանգությունը:  Կանայք չեն կարող ապահովել երկրի անվտանգությունը, երբ այն չի ապահովում իրենցը: Պետության անվտանգային շահերին ծառայում են նաև դիվանագետները, իսկ բանակցային գործընթացներում և որոշում կայացնողների շարքերում կանայք բացակայում են:  

Նշված խնդիրներն ամբողջությամբ չեն արտացոլում այն մարտահրավերները, որոնք բազմաշերտ ձևով կազդեն կանանց կյանքի ու բարեկեցության վրա: Կանանց զինվորական ծառայությունը միջոց է պատերազմները կանանց համար ավելի անվտանգ դարձնելու համար և ոչ թե կանխարգելելու դրանք: 

Եթե նույնիսկ Պաշտպանության նախարարությունն ամբողջությամբ բարելավի առաջարկվող նախագիծը վերոնշյալ քննադատական դրույթներից ելնելով, ապա, միևնույն է, պետությունը փորձում է պատերազմն անվտանգ դարձնել կանանց համար և ոչ թե ապահովել կանանց անվտանգությունը:

Leave a Reply

Your email address will not be published.