Կարևոր իրադարձություններ

Բուհերում ստեղծվել են դոկտորական կրթության դպրոցներ և արդյունաբերական նոր ծրագրեր (լուսանկարներ)

02 Դեկտեմբեր, 2023 17:14
Բուհերում ստեղծվել են դոկտորական կրթության դպրոցներ և արդյունաբերական նոր ծրագրեր (լուսանկարներ)

Կայացավ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։ 

Նախագիծը համակարգել է Եվրասիա միջազգային համալսարանը՝ 4 ԵՄ և 9 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություննների, 1 գիտահետազոտական ինստիտուտի մասնակցությամբ։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական մասնակցությամբ և ուղղորդմամբ։

Ծրագրի շրջանակներում մշակվել և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը» (ԿԳՄՍ 16.11.2021թ թիվ 44-Լ)։ Բուհերից ներգրավված հետազոտողները, փորձագետները հայեցակարգում ներկայացրել են հետբուհական կրթության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սահմանել են հնարավոր լուծումները՝ որպես հետագա բարեփոխումների ուղենիշներ։ 

Բացման հանդիսավոր արարողությանը Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար, Armdoct ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը ողջունելով ներկաներին ընդգծեց․«Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ-ում գործող երրորդ աստիճանի գրեթե բոլոր ծրագրերը թիրախավորում են մեկ ոլորտ, տարածված չէ միջդիսցիպլինար ծրագրերի փորձը, սահմանափակ են միջբուհական, բուհ-ակադեմիայի ինստիտուտներ, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն համագործակցությունները։ ARMDOCT ծրագրի շրջանակներում մենք փորձել ենք զարգացնել նոր համագործակցային, միջգիտակարգային պիլոտային դոկտորական դպրոցներ, ինչպես նաև առաջատար կազմակերպությունների հետ արդյունաբերական դոկտորական ծրագրեր, որոնք հույս ունենք, որ կզարգանան ծրագրի ամփոփումից հետո՝ դառնալով բարձրորակ դոկտորական կրթության և մրցունակ հետազոտողների պատրաստման վառ օրինակներ։ Մենք հույս ունենք, որ այս ծրագրերը կլինեն գրավիչ ոչ միայն հայազգի, այլ նաև միջազգային ուսանողների համար՝ նպաստելով տաղանդավոր անհատների ներհոսքին»։ 

Արևիկ Օհանյանը նշեց, որ պետք է ընդունենք, որ նախկին միջոցներով և կառավարման համակարգով նոր արդյունքներ ապահովելը, նոր նպատակներ իրագործելը, նոր մարտահրավերներին դիմակայելն իրատեսական չէ և հույս հայտնեց, որ ծրագիրը նպաստել է նոր և այլընտրանքային լուծումների տեղայնացմանը, իսկ մշակված իրավական փաստաթղթերը օգտակար կլինեն բարձրագույն կրթության երրորդ աստիճանում հետագա բարեփոխումների համար. «Հատկապես գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում դոկտորանտուրան այլևս այսպես ասած «դասավանդման հրավիրատոմս» չէ և, հակառակը, այն պատրաստում է հետազոտող անհատների՝ նպաստելու տնտեսության մրցունակության բարձրացմանը, նորարարության խթանմանը, գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացին»։

Բացման արարողությանը համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը: Նրանք կարևորեցին ծրագրի ընթացքում իրագործված տեսանելի արդյունքների և դրանց կիրակման համար ստեղծված հնարավորությունների լայն շրջանակը:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում ձևավորվել են արդյունաբերական ուղղվածությամբ ասպիրանտական ծրագրեր, համագործակցություններ են ձևավորվել համալսարանների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև, մասնավորապես ձևավորվել են համագործակցային դոկտորական դպրոցներ (կոնսորցիումներ), ինչպես նաև զարգացվել են նորարարական և ապագամետ մասնագիտություններով ասպիրանտական նոր կրթական ծրագրեր։ 

  1. «Տեխնիկական գիտություններ»-ի ուղղվածությամբ արդյունաբերական ասպիրանտուրայի հետբուհական համատեղ կրթական ծրագիր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական Ատոմային էլեկտրակայանի կողմից,

  2. «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման» արդյունաբերական ասպիրանտուրայի հետբուհական կրթական ծրագիր՝ Երևանի պետական համալսարանի և Կրիսպ տեխնոլոգիական ընկերության կողմից։

  3. «Կայուն զարգացում» ուղղվածությամբ դոկտորական դպրոցների կոնսորցիում Եվրասիա միջազգային համալսարանի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից, 

  4. «Համակարգչային գիտություններ» ուղղվածությամբ համագործակցային դոկտորական դպրոց Հայաստանում ֆրանսիական համալսարանի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից։ 


Ձևավորվել է նաև «Հատուկ կրթության» դոկտորական դպրոց Խ.Աբովյանի անվանՀայաստանի պետական մանկավարժական համալսարանի կողմից՝ որպես փորձարարական, պիլոտային նախագիծ հաստատվել է բուհի գիտական խորհրդի կողմից։ 

  1. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից զարգացվել է Նեյրոգիտության ուղղվածությամբ կրթական ծրագիրը, որի իրականացման համար բուհն արդեն իսկ ունի զարգացված ենթակառուցվածքներ և համագործակցություններ։

  2. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից զարացվել է Կիրառական լեզվաբանություն, ինչպես նաև թվային հումանիտար գիտություններ կրթական ծրագրերը։ 

  3. Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանը բարելավել է ԲԿ երրորդ աստիճանի կրթական ծրագրերը, ինչպես նաև զարգացրել է համաղեկավարման համար անհրաժեշտ փաստաթղթեր։

Միջոցառման ավարտին կոնսորցիումի անդամ հանդիսացող հայաստանյան բոլոր բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները, ինչպես նաև նախաձեռնությանը միացած «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ վերահաստատելով հավաքական հանձնառությունը՝ համատեղ ջանքերով զարգացնելու բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ծրագրերը ՀՀ -ում:

Բուհերի կողմից մշակված բոլոր փաստաթղթերն առկա են ծրագրի պաշտոնական կայքէջի արդյունքներ բաժնում։ Առաջիկայում հասանելի կլինի նաև բոլոր տիպային փաստաթղթերի խմբագրելի տարբերակները՝ հնարավորություն ընձեռելով ներբեռնել, փոփոխել և տեղայնացնել՝ ըստ ինստիտուցիոնալ կարիքների։

ARMDOCT նախագիծը նպատակ ունի ապահովելու Հայաստանում դոկտորական կրթության համադրելիությունը եվրոպական Զալցբուրգյան սկզբունքներին՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության, հետազոտության ու արդյունաբերության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի մշակման միջոցով։ Ծրագրի շրջանակներում հատկապես թիրախավորում էր Զալցբուրգյան սկզբունքներից երեքը, մասնավորապես՝ դոկտորական ծրագրերի բազմազանության, նորարարական կառուցվածքների և շարժունության խթանումը։

 

Լրահոս

Դիտել ավելին